ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Իսրայելի պատվիրակությունը Դոհայում բանակցությունների ժամանակ չարձագանքեց ՀԱՄԱՍ-ի նախաձեռնությանը և առաջ քաշեց համաձայնագրի համար անընդունելի լրացուցիչ պայմաններ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Լիբանանում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Վալիդ Քեյլանին։
«Մենք ոչ մի պատասխան չենք ստացել մեր նախաձեռնություններին, ավելին` Իսրայելը լրացուցիչ պահանջներ է ներկայացրել և փորձում է նոր պայմաններ դնել»,- նշել է Քեյլեանին։
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչի խոսքով՝ Դոհայի բանակցություններից ստացված տեղեկատվությունը ցույց է տալիս, որ դրանք չեն համապատասխանում պաղեստինցիների ակնկալիքներին, և ձեռք բերված արդյունքները չեն արտացոլում հուլիսի 2-ին պայմանավորվածությունները։
«Իսրայելի նոր պահանջները ներառում են իսրայելական ներկայության պահպանումը «Նեցարիմ» անցակետում և Ռաֆահում: Մենք չենք ցանկանում բանակցությունների ձախողում, սակայն իսրայելցիները շարունակում են խոչընդոտել, ինչպես նախորդ փուլերում», - հավելել է Քեյլանին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 15–ին և 16–ին Դոհայում տեղի են ունեցել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններ՝ Կատարի, Եգիպտոսի, ԱՄՆ-ի և Իսրայելի մասնակցությամբ։ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը հրաժարվել է մասնակցել բանակցություններին՝ կոնկրետ զինադադարի պայմանների բացակայության պատճառով։
ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի գրասենյակը, ասվում է, որ միջնորդները ներկայացրել են հրադադարի առաջարկ, որն ավելի է մոտեցնում կողմերի դիրքորոշումները:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ բանակցությունները եղել են լուրջ ու կառուցողական և անցել են դրական մթնոլորտում։ Եգիպտոսի, ԱՄՆ-ի և Կատարի ներկայացուցիչները նախատեսում են հանդիպել Կահիրեում մինչև հաջորդ շաբաթվա վերջ՝ առաջարկված պայմանների հիման վրա համաձայնության հասնելու համար։