ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանն այսօր հայտարարությամբ է հանդես եկել և նշել, որ ներքաղաքական հարցերի վերաբերյալ կարծիք հայտնելու սահմանափակում կունենա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 15–ին ՀՀ նախագահի հրամանագրով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան։
«Գիտակցում եմ, որ քաղաքական զսպվածության սկզբունքը սահմանափակում է ներքաղաքական հարցերի վերաբերյալ կարծիք հայտնելու, հրապարակային քննարկումներում հանդես գալու դիվանագետի հնարավորությունները: Ուստի թույլ տվեք իմ գործունեության այս հանգրվանում, նախ, շնորհակալություն հայտնել ՄԱԿ–ի անդամներին և նրա հազարավոր համակիրներին` հանուն հայրենիքի շենացման մեր համատեղ աշխատանքի համար»,– գրել է նա:
Արսենյանը տեղեկացրել է նաև, որ դադարեցրել է Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահի լիազորությունները և կուսակցության անդամությունը:
Իր հայտարարության մեջ նա նշել է, որ 1988 թ. ի վեր Հայաստանի անկախության նվաճման և ամրապնդման համար պայքարում ձգտել է իր համեստ ավանդը ներդնել ՀՀ քաղաքական և տնտեսական զարգացման գործում:
Արսենյանն առանձնապես կարևորել է ԱԺ–ում իր 15-ամյա խորհրդարանական գործունեության շրջանը, երբ հանդես է եկել նախ` որպես ընդդիմադիր պատգամավոր, իսկ վերջին տարիներին` որպես իշխանության ներկայացուցիչ։
«Ձգտել եմ նպաստել արդյունավետ պետական կառավարման համակարգի կայացմանը և հանրային համերաշխության ու համաձայնության հաստատմանը: Անկեղծ երախտագիտություն եմ հայտնում «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության իմ գործընկերներին` արգասաբեր և ներդաշնակ թիմային աշխատանքի համար»,– ավելացրել է նա:
Իր խոսքը Արսենյանը եզրափակել է` ՀՀ քաղաքացիներին շնորհակալություն հայտնելով հավատի, վստահության և աջակցության համար, որ եղել է մեր երկրի համար վճռորոշ ու ճակատագրական պահերին:
Հիշեցնենք` Գուրգեն Արսենյանը 2023 թվականի հոկտեմբերին հաստատել էր, որ իրեն ՌԴ-ում դեսպան նշանակվելու առաջարկ արվել է, սակայն պատասխան այդպես էլ չի եկել։ Ավելի ուշ ԶԼՄ–ները գրեցին, որ Արսենյանի ագրեմանը հաստատելու որոշումը կայացվել է մայիսին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Մոսկվա` ԵԱՏՄ նիստին մասնակցելու:
Արսենյանը մանդատը վայր դնելու դիմում ներկայացրեց օգոստոսի 6-ին, դեսպան նշանակվեց օգոստոսի 15-ին։
Հավելենք, որ մինչ այս ՌԴ–ում ՀՀ դեսպանը Վաղարշակ Հարությունյանն էր, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2022–ի հունվարին։