Երևանում մորը սպանած տղան հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ

25–ամյա տղան և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին, հանգամանքները պարզվում են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Երևանում 65-ամյա մորը դաժանաբար սպանած տղան հայտնաբերվել և ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 15-ին տեղեկացրել էինք, որ Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 65-ամյա կնոջ դի՝ պարանոցի շրջանում կտրած վնասվածքով։ Պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը նրա 25-ամյա որդին է: ՀՀ քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ սպանության գործով առգրավվել է հանցանքի վայր հանդիսացող շենքի մուտքը տեսանկարահանող սարքի հիշողության կրիչը:
Իրավապահները պարզել են, որ որդին օգոստոսի 15–ին` ժամը 8.55–ին, սուր կտրող–ծակող գործիքով սպանել է մորը` Գայանե Կ.–ին, ու դիմել փախուստի:
«Ձեռնարկած օպերատիվ–հետախուզական միջոցառումների շնորհիվ 25–ամյա երիտասարդը ժամը 21.45–ին Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին»,– ասված է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ:
25–ամյա տղան և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին, հանգամանքները պարզվում են: