ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, կրկին վերահաստատել է ԵՄ–ի աջակցությունը հրադադարի ռեժիմի խախտման մեխանիզմներ ստեղծելու Երևանի առաջարկին։ Այս մասին Կլաարը գրել է X-ի իր էջում։
Ավելի վաղ Տոյվո Կլաարն արդեն գրել էր, որ լարվածության նվազեցման նպատակով սահմանին հրադադարի ենթադրյալ խախտումների դիտարկման համար երկկորղմ մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկը ողջունելի է։
Նշենք, որ երեկ երեկոյան և այսօր առավոտյան ՀՀ ՊՆ–ն հերքել է ադրբեջանական կողմի տարածած հայտարարությունները, թե ՀՀ ԶՈւ–ն սահմանի այս կամ այն հատվածում կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղոթւյամբ։
«Կրկին հայտարարում ենք հրադադարի ռեժիմի խախտումների երկկողմ մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին լիակատար աջակցության մասին»,- գրել է Կլաարը։
Հիշեցնենք՝ հունիսի 22-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:
Հավելենք, որ ՀՀ վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանին առաջարկել է սպառազինության փոխադարձ վերահսկման մեխանիզմ ստեղծել և չհարձակման մասին պայմանագիր ստորագրել, եթե պարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու։