ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի ԶՈւ–ի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին անտեսել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանը «Հյուսիսային հոսքերում» դիվերսիաները չեղարկելու վերաբերյալ։ Այս մասին գրում է The Wall Street Journal–ը։ Պարբերականի տվյալներով` ԿՀՎ–ն Զելենսկուց պահանջել է կանգնեցնել «Հյուսիսային հոսքերի» պայթեցման հետ կապված գործողությունները։
Մինչ այդ Ուկրաինայի նախագահն անձամբ էր հավանություն տվել «Հյուսիսային հոսքերը» պայթեցնելու ծրագրին, սակայն ավելի ուշ փորձել էր փոխել որոշումը։ Նա հրաման էր տվել Զալուժնիին, սակայն վերջինս չէր ենթարկվել դրան։ Բացի այդ, ասվում է հրապարակման մեջ, Զալուժնիի թիմը փոփոխություններ էր մտցրել սկզբնական ծրագրում։
Ի սկզբանե նախատեսվում էր, որ գործողություններին մասնակցելու են մի քանի ջրասուզակներ, այդ թվում` մեկ կին։ Նշվում է, որ նրա ներկայությունը պետք է ընկերական շրջագայության պատրանք ստեղծեր։
Ուկրաինացի պաշտոնյաները «Հյուսիսային հոսքերում» դիվերսիաների մասին սկսեցին խոսել 2022 թվականի մայիսին։ Պայմանավորվածությունները եղել են բանավոր։
Թերթը վկայակոչում է ամերիկյան, ուկրաինական և եվրոպական աղբյուրները։
Դեպի Եվրոպա ռուսական արտահանման երկու գազատարներում՝ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2»–ում, պայթյունները տեղի են ունեցել 2022-ի սեպտեմբերի 26-ին։ Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառել նպատակային դիվերսիան։ «Հյուսիսային հոսքի» օպերատոր Nord Stream AG-ն հայտարարել էր, որ գազատարներում փլուզումներն աննախադեպ են և վերանորոգման ժամկետներն անհնար է գնահատել։ Մոսկվային հետաքննությանը մասնակցել թույլ չեն տվել և համագործակցության վերաբերյալ Ռուսաստանի բոլոր հայցերը անտեսվել են։