Թաթոյան-Անանյան-Մխիթարյան․ առաջիկայում նոր կուսակցություն է ստեղծվելու

Արման Թաթոյանը Եռաբլուրում. Արխիվային լուսանկար
Նրանք պատրաստվում են նոր ուժ ստեղծել՝ Հայաստանում քաղաքական ներկապնակը տեխնոկրատների թիմով համալրելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Նախկին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը առաջիկայում նոր կուսակցություն կբացեն։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
Նշվում է, որ սկզբնական փուլում գուցե դա ներկայացվի իբրև նախաձեռնություն։
«Ավելի քան երեք ամիս է` եռյակը ակտիվ քննարկումների մեջ է՝ հայաստանյան քաղաքական ներկապնակը նոր՝ տեխնոկրատների թիմով համալրելու նպատակով։ Մեզ ասացին, որ մինչև Սրբազան պայքարի սկսվելը անգամ կուսակցության ծրագիրն էր պատրաստ»,- գրում է թերթը:
Ե՛վ Մխիթարյանը, և՛ Թաթոյանը, և՛ Անանյանը ակտիվ մասնակցել են նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, Մխիթարյանը նաև սաունդթրեքն է գրել։
Թերթը հայտնում է, որ գուցե եռյակը աշնանն ազդարարի նորամուտի մասին և չնայած նրանցից առնվազն երկուսի անունը կապվում է Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի հետ (նրա դեմ նոր քրեական հետապնդում են սկսել), սակայն նրանց մոտ կանգնած աղբյուրը վստահեցրել է՝ նոր ուժը որևէ նախկին ուժի, խմբի կամ անհատի հետ կապ չի ունենալու։