Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Սպիտակ տունը հերքել է ԱՄՆ-ի մասնակցությունը Կուրսկի մոտ Ուկրաինայի հարձակման պլանավորմանը

Սպիտակ տան մամուլի խոսնակ Կարին Ժան-Պիերը. Արխիվային լուսանկար
ԱՄՆ-ն չի պատրաստվում մեկնաբանել Կուրսկի մոտ Ուկրաինայի ԶՈւ գործողությունները՝ թողնելով դրանք Կիևի հայեցողությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն չի մասնակցել Կուրսկի մոտ Ուկրաինայի ԶՈւ հարձակման նախապատրաստմանը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Կարին Ժան-Պիերը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Վստահեցնում եմ, որ մենք այդ օպերացիայի ոչ պլանավորմանն ենք մասնակցել, ոչ էլ նախապատրասմանը։ Ընդհանուր առմամբ, մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային իր ջանքերում Ռուսաստանի ագրեսիայից և հարձակումներից պաշտպանվելու համար»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Ժան-Պիերը։
Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ չի մեկնաբանի Կուրսկի մոտ Ուկրաինայի գործողությունները՝ թողնելով դա Կիևի հայեցողությանը։
Ավելի վաղ, ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը նույնպես հերքել էր ԱՄՆ-ի ներգրավվածությունը Կուրսկի շրջանի վրա Ուկրաինայի ԶՈւ հարձակմանը` չնայած ամերիկյան ԶԼՄ-ներում տարածված հաղորդագրություններին։
Bloomberg գործակալությունն էլ ավելի վաղ հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստանի վրա հարձակման սցենարները դիտարկում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի «օրհնությամբ»։
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի (ԱՀՀ) նիստում հայտարարել էր, որ Կիևը Կուրսկի շրջանում ահաբեկչական հարձակում է իրականացրել Արևմուտքի աջակցությամբ՝ նպատակ ունենալով վնաս հասցնել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական օբյեկտներին: ԱՀՀ-ն կոչ էր արել ակտիվացնել ահաբեկչական սպառնալիքներին հակազդելու աշխատանքները՝ հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները:
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի տվյալներով` Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումները Կուրսկում հարձակումներ են սկսել են օգոստոսի 6-ից, բայց նրանց առաջխաղացումը դադարեցվել էր։ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների ժամանակ Ուկրաինայի ԶՈւ-ն կորցրել է մինչև 2,3 հազար զինվորական և 37 տանկ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևի ռեժիմը սադրիչ գործողություն է արել, երբ անկանոն կրակ է բացել այդ թվում քաղաքացիական օբյեկտների վրա։ Պուտինը խոստացել է, որ Ռուսաստանը համարժեք պատասխան կտա և կհասնի իր առջև դրված նպատակներին։
Կուրսկում, Բելգորոդում և Բրյանսկում շարունակում է պահպանվել հակաահաբեկչական գործողության ռեժիմը, որպեսզի ապահովվի քաղաքացիների անվտանգությունը։