ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. «TOUR DE SEVAN 2024» Սևանի շուրջ հեծանվարշավի կազմակերպման, ինչպես նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի համար գրասենյակային գույք, համակարգչային տեխնիկա, էլեկտրոնային սարքեր և սարքավորումներ ձեռք բերելու համար հատկացվեց 3 մլն 160 հազար դրամ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Գումարը ՊՈԱԿ-ին կհատկացվի դրամաշնորհի ձևով։
Նշվում է, որ «TOUR DE SEVAN 2024» Սևանի շուրջ հեծանվարշավի կազմակերպման նպատակով անհրաժեշտ ծառայությունները ձեռք բերելու համար գնման ձև է ընտրվել հրատապության հիմքով մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը, քանի որ գնման որևէ մրցակցային ձևի կիրառումը ժամկետի առումով հնարավոր չէ:
«Նախագիծը միտված է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի 2024–2030 թթ. զարգացման ռազմավարությամբ սահմանված հանրության շրջանում առողջ ապրելակերպի և ակտիվ հանգստի արմատավորման քաղաքականության իրականացմանը»,– ասված է նախագծի հիմնավորման մեջ:
Նշվում է նաև, որ «TOUR DE SEVAN 2024» Սևանի շուրջ հեծանվարշավը կազմակերպվում է` հաշվի առնելով, որ հեծանվավազքի վարչապետի գավաթում տեղի են ունեցել փոփոխություններ և այսուհետ դրան մասնակցելու են միայն աշակերտները` բնակչության մասնակցությունը զանգվածային մարզական միջոցառումներին խթանելու, բնակչության շրջանում ֆիզիկական ակտիվության, առողջ ապրելակերպի արմատավորման նպատակով: