«Փյունիկը» հաղթեց «Օրդաբասիին» և անցավ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ–օֆֆ

«Փյունիկը» հաղթեց «Օրդաբասիին» և անցավ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ–օֆֆ
Յուսուֆ Օտուբանջոն «Օրդաբասի» - «Փյունիկ» դիմակայության առաջին խաղում հաղթանակ էր ապահովել հայկական թիմին։ Երևում է` ղազախական թիմը հետևություններ չէր արել առաջին խաղից, որովհետև Օտուբանջոյին վիճակված էր աչքի ընկնել նաև Երևանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Յուսուֆ Օտուբանջոյի գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթեց ղազախական «Օրդաբասիին» և անցավ խաղարկության փլեյ–օֆֆ։
Հանդիպման մեկնարկում խաղային որոշակի առավելություն ունեին հյուրերը, որոնք փորձում էին արագ կերպով վերականգնել դիմակայության հաշիվը։
«Փյունիկն» առաջին խաղում 1։0 հաշվով հաղթելուց հետո ուներ կազմի հետ կապված խնդիրներ։ Ինչ–որ տեղ դա ազդել էր մեր թիմի գործողությունների վրա։ «Փյունիկը» աստիճանաբար հավասարեցրեց խաղը, ու հայկական թիմը սկսեց նաև լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին։ Խաղի տեմպը մի փոքր ընկավ, բայց դա ձեռնտու էր «Փյունիկին», քանի որ հյուրերն արդեն ակտիվություն չէին դրսևորում, իսկ հաշիվը խոսում էր դիմակայությունում հայկական ակումբի նվազագույն առավելության մասին։
Երկրորդ խաղակեսում հիմնականում խաղի տեմպը փոփոխության չենթարկվեց։ «Փյունիկը» ամեն ինչ անում էր պաշտպանությունում չսխալվելու համար ու առիթը բաց չէր թողնում արագ հակագրոհ կազմակերպելու համար։
«Օրդաբասին» իր հերթին անում էր հնարավորինը հարձակման գծում հաջողության հասնելու համար, բայց հյուրերը նույնպես մեծ ուժեր էին պահում պաշտպանությունում` խուսափելով բաց թողած գնդակի խնդիրներից։
Հանդիպման 66-րդ րոպեին Յուսուֆ Օտուբանջոն, մրցակցի երեք ֆուտբոլիստների շրջապատման մեջ գտնվելով, ճեղքեց «Օրդադասիի» պաշտպանությունը հարձակման աջ եզրում ու, ներխուժելով մրցակցի տուգանային հրապարակ, դիպուկ հարվածով գրավեց հյուրերի դարպասի մոտական անկյունը։ Յուսուֆ Օտուբանջոն դարձավ միակ ֆուտբոլիստը, որը գոլերի հեղինակ դարձավ թիմերի երկու խաղերում։ Դիմակայությունում հաշիվը դարձավ 2։0, «Փյունիկը» ընդհուպ մոտեցավ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին։
Մեկ շաբաթ անց «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի փլեյ–օֆֆում մրցելու է «Ցելե» (Սլովենիա) – «Շեմրոկ Ռովերս»(Իռլանդիա) զույգի պարտվողի հետ։