«Միր» վճարային համակարգը Իրանում կսկսի գործել 6 ամսվա ընթացքում․ ՌԴ-ում ԻԻՀ դեսպան

Ռուս-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրն էլ կստորագրվի մոտ ապագայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում «Միր» վճարային համակարգը կսկսի գործել կես տարվա ընթացքում։ Տեղեկությունը դեսպան Քազեմ Ջալալին հայտնել է ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում։
Իրանում առաջարկել են ԲՐԻԿՍ-ի վճարային համակարգերը միավորել «Միր» քարտերի օրինակով
Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը հավելել է, որ իրանական Shetab համակարգն էլ կաշխատի ՌԴ-ի տարածքում։
«Վեց ամսվա ընթացքում էլ ռուսական «Միր» համակարգը կաշխատի Իրանի տարածքում»,- ասել է նա։
Ջալալին գործակալությանը հայտնել է նաև, որ ռուս-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի նախագիծը նախագահների քննարկման փուլում է և կստորագրվի մոտ ապագայում:
Ավելի վաղ՝ հուլիսի 6-ին, Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ռեզա Ֆարզինը հայտնել էր, որ Ռուսաստանն ու Իրանն ավարտել են «Միր» և «Shetab» համակարգերի ինտեգրումը: Բացի այդ, երկու երկրների ԿԲ ղեկավարները համաձայնագիր են ստորագրել ազգային արժույթների իրացվելիության մասին՝ երկկողմ առևտուրը հեշտացնելու համար։
ՌԴ-ն աշխատում է Հայաստանում և Ղրղզստանում «Միր» քարտերի սպասարկումը վերսկսելու ուղղությամբ
Ապրիլի վերջին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտնել էր, որ Իրանում ռուսական «Միր» քարտերի ընդունման նախագիծը մտել է իրականացման փուլ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանում Իրանի դեսպանատան առևտրային կցորդ Ռահիմի Մոհսենը «Իզվեստիային» ասել էր, որ Իրանի իշխանությունները պատրաստվում են «Միր» քարտերի գործարկման փորձնական նախագծի մեկնարկին: