Իսրայելի ԱԳՆ–ն իր քաղաքացիներին հորդորում է զգույշ լինել Իրանում, ՀՀ–ում և ևս 3 երկրում

ԱԳՆ-ն պարզաբանել է, որ նախազգուշացումը կապված Է իսրայելցիների նկատմամբ Իրանի և նրա դաշնակիցների սպառնալիքների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը իր քաղաքացիներին հորդորում է զգույշ լինել Իրանում ու նրա հարակից երկրներում` Ադրբեջանում, Հայաստանում, Թուրքմենստանում և Թուրքիայում։ Այս մասին հայտնում են իսրայելական ԶԼՄ–ները։
«Խստորեն խորհուրդ է տրվում պահպանել անվտանգության ուժեղացված միջոցառումները և հետևել Ազգային անվտանգության խորհրդին առընթեր ահաբեկչության դեմ պայքարի շտաբի ցուցումներին»,– ասված է ԱԳՆ հայտարարությունում։
ԱԳՆ-ն պարզաբանել է, որ նախազգուշացումը կապված է իսրայելցիների նկատմամբ Իրանի և նրա դաշնակիցների սպառնալիքների հետ:
Նախարարությունը նաև նշել է, որ Իրանը կարող է ահաբեկչական գործողություններ նախապատրաստել իսրայելցիների դեմ արտերկրում` ներառյալ դիվանագիտական ներկայացուցչություններում։
Իսրայելցի դիվանագետներին խիստ ցուցումներ են տրվել անվտանգության միջոցառումների պահպանման վերաբերյալ, ներառյալ` սովորական ռեժիմի փոփոխությունը, հանրային միջոցառումներից խուսափելը և տնից հնարավոր աշխատանքը:
իշեցնենք` Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց անմիջապես հետո ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան և նրա թիկնապահը հրթիռի ուղիղ հարվածով սպանվել են Հանիայի` Թեհրանում գտնվող կեցավայրում։ ՀԱՄԱՍ-ը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրել է Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարել, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա։ Իրանի նախագահն իր հերթին հայտարարել է, որ «զավթիչ ահաբեկիչները» կզղջան Հանիայի սպանության համար։