Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա հարձակումից, ցանկացած պահի սպասում ենք դրան․ Սպիտակ տուն

Ջոն Կիրբի
Վաշինգտոնում կարծում են, որ հնարավոր հարձակմանը կարող են ներգրավվել շիական «Հզբոլլահ» շարժումը և Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» (հութիներ) շարժումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ամերիկյան վարչակազմը նախկինի պես կարծում է, որ Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա հնարավոր հարձակումից։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Կիրբին։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մեր ունեցած տեղեկությունները խոսում են այն մասին, որ Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա որոշակի տեսակի հարձակում նախաձեռնելու սպառնալիքից», - հայտնել է նա CNN հեռուստաալիքի եթերում:
Կիրբիի խոսքով՝ հնարավոր հարձակմանը կարող են ներգրավվել շիական «Հզբոլլահ» շարժումը և Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» (հութիներ) շարժումը:
«Այդ պատճառով մենք կարծում ենք, որ նրանք պատրաստվում են ինչ-որ բան անել, եւ դա կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին, գրեթե ցանկացած պահի», - հավելել է պաշտոնյան:
Հիշեցնենք` հուլիսի վերջին Թեհրանում սպանվեց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։ Նա Իրանի մայրաքաղաք էր մեկնել՝ մասնակցելու երկրի նոր նախագահի երդմնակալությանը: Շարժումը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրեց Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարեց, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: Իսրայելի ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն մեկնաբանում Հանիայի սպանությունը: ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը հայտարարեց, որ ԱՄՆ-ն առնչություն չունի ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան հետ։
Հուլիսի 31-ի երեկոյան ամերիկյան «New York Times» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, պնդեց, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության: Ավելի ուշ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ Թեհրանը, հետևելով միջազգային իրավունքին, իրեն իրավունք է վերապահում՝ արձագանքելու Հանիայի սպանությանը այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ համարի:
Իրանը միշտ պատժում է իր թշնամիներին, բայց խելամտորեն և ժամանակին. Մեհդի Սոբհանի-----