ՀՀ–ում աղետի հետևանքով վնասված 193 մեքենաների սեփականատերերը փոխհատուցում կստանան

Լոռի. հեղեղումների հետևանքները. Արխիվային լուսանկար
ՆԳ փոխնախարարի խոսքով` վնասված տրանսպորտային միջոցների սեփականատերերի տվյալներն իդենտիֆիկացվել են, և նրանք կարճ ժամանակում կստանան փոխհատուցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Լոռու և Տավուշի մարզերում աղետի հետևանքով վնասված 193 տրանսպորտային միջոցների սեփականատերեր կփոխհատուցվեն։ Այդ մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
ՀՀ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ յուրաքանչյուր տրանսպորտային միջոց կունենա փորձագիտական եզրակացություն, որը հիմք կհանդիսանա մարզպետների համար փոխհատուցում հատկացնելու համար։
Փոխնախարարն ավելացրեց, որ 152 մեքենաների մասով վերջնական փորձագիտական եզրակացություններ արդեն կան։
«Օգոստոսի 26–ից արդեն քաղաքացիները կկարողանան դիմում ներկայացնել և կարճ ժամանակում ստանալ հատուցում։ Քաղաքացիները կներկայացնեն հաշվեհամար ու նրանց կփոխանցվի համապատասխան գումարը»,– ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` բոլոր սեփականատերերի տվյալներն իդենտիֆիկացվել են։ Փոխնախարարը նաև վստահեցրեց, որ փոխհատուցումներն այնքան կլինեն, որ կբավարարեն, որպեսզի վնասված մեքենան կամ լիովին վերանորոգվի, կամ նրա շուկայական արժեքին մոտ նոր մեքենա կարողանա անձը գնել։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որևէ տնտեսվարող չգա, ասի` հորս արև, պահեստում 15 մլն դրամի ապրանք եմ ունեցել. Փաշինյան