ՀՀ–ին և Հնդկաստանին միավորում են քաղաքակրթական կապերը․ Միրզոյանը` հնդիկ գործընկերոջը

Արարատ Միրզոյան
ՀՀ արտգործնախարարը համոզված է, որ Երևանի և Դելիի քաղաքական երկխոսությունը դուրս է ավանդական օրակարգի շրջանակներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Հայաստանին ու Հնդկաստանին միավորում են քաղաքակրթական կապերը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ շնորհավորելով երկրի Անկախության օրվա կապակցությամբ։
«Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ փոխանցում իմ գործընկերոջն ու լավ ընկերոջը և Հնդկաստանի ժողովրդին՝ Անկախության օրվա 78-րդ տարեդարձի տոնակատարության կապակցությամբ։ Մեզ միավորում են քաղաքակրթական կապերը, մինչդեռ մեր ներկայիս քաղաքական երկխոսությունը դուրս է ավանդական օրակարգի շրջանակներից»,- նշել է Միրզոյանը։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարն արձագանքել է այս գրառմանը և շնորհակալություն հայտնել Միրզոյանին։
Հիշեցնենք, որ Հնդկաստանը 1858 թվականից եղել է բրիտանական տիրապետության տակ։ 20-րդ դարում առաջացավ նորարարական և ազդեցիկ ազգայնական շարժում, որը գլխավորում էր Մահաթմա Գանդին։ Շարժումն աչքի ընկավ ոչ բռնի դիմադրությանբ և 1947 թվականին հանգեցրեց Հնդկաստանի անկախությանը։ Սահմանադրության մշակման աշխատանքներն ավարտվեցին 1950 թվականին, և դրանից հետո Հնդկաստանը հաստատվեց աշխարհիկ ու ժողովրդավարական հանրապետություն։
Հնդկաստանի ազգային օրհներգը կոչվում է «Ջանա Գանա Մանա» (թարգմանաբար` «Դու ես կառավարում բոլոր մարդկանց մտքերը»)։ Հնդկաստանի ազգային երգն էլ «Վանդե Մատարամ»-ն է (թարգմանաբար` «Երկրպագում եմ քեզ, Մայր»)։