ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկությունը, թե իբր հայկական ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 15-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,– ասված է ՀՀ ՊՆ–ի հաղորդագրությունում։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը հունիսի 22-ին հայտարարեց, որ Բաքվին առաջարկվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծել։
Գործադիր մարմինն այդ առաջարկի մասին հիշեցրեց մեկ ամիս անց` հուլիսի 22-ին։