ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Հայաստանում տնտեսական աճը, որի երկնիշ տեմպերը պահպանվում են, 2-րդ կիսամյակում կդանդաղի և տարվա արդյունքներով կարող է կազմել շուրջ 7,5 %: Նման կանխատեսում է արվում Եվրասիական զարգացման բանկի 2024 թվականի օգոստոսի մակրոտնտեսական տեսության մեջ (տվյալ ժամկետում ամփոփվում են ԵԱԶԲ անդամ երկրներում կիսամյակի տնտեսական արդյունքները,-խմբ.)։
Վերլուծաբանները հիմնականում ելնում են նրանից, որ թանկարժեք քարերի վերարտահանումը, ինչպես նաև ոսկու նախնական մշակումը (հետագա վերարտահանմամբ) ընդլայնել են հայկական տնտեսության ծավալները, սակայն դրա հաշվին հնարավոր չէ մշտական աճ ապահովել: Առանց այդ ուղղությունները հաշվի առնելու՝ 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից և՛ ներմուծման, և՛ արտահանման դինամիկան բացասական են եղել։
Ընդհանուր առմամբ, ՀՀ–ն պահպանել է աճի բարձր տեմպերը. առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10,4%-ով (2023-ի առաջին կիսամյակի համեմատ,-խմբ.)։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը, ի տարբերություն ՀՆԱ-ի, հաշվի է առնում արտադրված ապրանքների և մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը, բայց ոչ դրանց վաճառքի արժեքը: Տնտեսությունն աճել է հիմնականում արդյունաբերության հաշվին (+18,2%), առավելապես թանկարժեք մետաղների հաշվին (Հայաստան ոսկի է ներկրվում ոսկերչական իրերի համար, ենթարկվում նախնական վերամշակման և տեղափոխվում Արաբական Էմիրություններ՝ վերջնական արտադրության համար)։
ԵԱԶԲ անդամ երկրների տնտեսական աճը
© Sputnik
Այս բիզնեսը երկրում սկսել է զարգանալ անցյալ տարվա վերջից։ Դրա շնորհիվ երկրի տնտեսության ծավալն աճել է։ Սակայն, քանի որ այն չի կարող անվերջ ընդլայնվել, ապա հետագա՝ ներկայիս մակարդակից բարձր աճն այլևս այդքան մեծ չի լինի, կարծում են ԵԱԶԲ վերլուծաբանները։ Ուստի, ըստ նրանց կանխատեսումների, երկրորդ կիսամյակում աճը կդանդաղի և տարվա արդյունքներով կկազմի մոտ 7,5 %:
Ծառայությունների ոլորտը հիմնականում աճել է ֆինանսական հատվածի հաշվին (+19,0%, մեծամասամբ հիփոթեքի և դրա հետ փոխկապակցված սպառողական վարկերի աճի հաշվին, - խմբ.): Հիփոթեքային վարկավորումը (հունիս ամսվա դրությամբ +22,5% տարեկան) պահպանում է շինարարության աճի կայուն բարձր տեմպերը (հունվար-հունիս ամիսներին +15,7% տարեկան):
Առաջին կիսամյակում արտաքին առևտրի ծավալներն աճել են 2,3 անգամ՝ հասնելով մոտ 7 մլրդ 928 մլն դոլարի, սակայն դա տեղի է ունեցել գրեթե ամբողջությամբ լեռնահանքային արտադրանքի (պղնձի և այլ մետաղների խտանյութեր) վերարտահանման, թանկարժեք քարերի վերաարտահանման, ինչպես նաև ոսկու նախնական մշակման և դրանից պատրաստված ապրանքների վերարտահանման բիզնես սխեմայի հաշվին:
Արտահանման կառուցվածքում 71%-ը զբաղեցնում են թանկարժեք քարերն ու մետաղները (8,1 անգամ ավելի՝ համեմատած 2023 թվականի առաջին կիսամյակի հետ)։
Ներմուծումը հունվար-հունիս ամիսներին աճել է 86,5 %-ով՝ նույնպես հիմնականում թանկարժեք քարերի և մետաղների հաշվին (դրանց ծավալն աճել է 9,4 անգամ)։ Ընդ որում՝ զգալիորեն նվազել են ավտոմեքենաների ներմուծման ծավալները (այսինքն՝ կրճատվել Է ԵԱՏՄ այլ երկրներ դրանց վերավաճառքը, - խմբ.)։