Գուրգեն Արսենյանը նշանակվեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան

Հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշանակվեց ՌԴ-ում ՀՀ դեսպան։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ նախագահի կայքում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Գուրգեն Արսենյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,- ասված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրում։
Նստավայրը լինելու է ՌԴ մայրաքաղաքում՝ Մոսկվայում։
Հիշեցնենք` Գուրգեն Արսենյանը 2023 թվականի հոկտեմբերին հաստատել էր, որ իրեն ՌԴ-ում դեսպան նշանակվելու առաջարկ արվել է, սակայն պատասխան այդպես էլ չի եկել։ Ավելի ուշ ԶԼՄ–ները գրեցին, որ Արսենյանի ագրեմանը հաստատելու որոշումը կայացվել է մայիսին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Մոսկվա` ԵԱՏՄ նիստին մասնակցելու:
Արսենյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել էր օգոստոսի 6-ին։
Հավելենք, որ մինչ այս ՌԴ–ում ՀՀ դեսպանը Վաղարշակ Հարությունյանն էր, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2022–ի հունվարին։