ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Երևանում այսօր առավոտյան տեղի ունեցած սպանության գործով առգրավվել է հանցանքի վայր հանդիսացող շենքի մուտքը տեսանկարահանող սարքի հիշողության կրիչը: Հարցաքննվել են շուրջ մեկ տասնյակ անձինք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր 65-ամյա կնոջ դի՝ պարանոցի շրջանում կտրած վնասվածքով։ Պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հանդիսանում է 65-ամյա կնոջ 25-ամյա որդին:
«Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է դանակ՝ արնանման հետքերով։ Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են սուր կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներ, ինչպես նաև պարանոցի կտրված վերք։ Տուժածի մարմնական վնասվածքների բնույթը, ստացման մեխանիզմը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,– ասված է հաղորդագրությունում։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, 25-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ` ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով: