ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 15-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում վերսկսվել են Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները․ կողմերին հաջողվել է մի քանի հարցի շուրջ մոտեցնել դիրքորոշումները, իսկ մնացած տարաձայնությունները հաղթահարելի են: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին։
«Տվյալ քննարկումների վերսկսումը կարևոր քայլ է, որին նախորդել է խնդրահարույց հարցերի մի մասի լուծումը։ Այժմ մեր ջանքերը կենտրոնացած են ապագա պայմանավորվածության իրականացման վրա։ Մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու՝ հաշվի առնելով այս համաձայնության բարդությունը, և մենք չենք ակնկալում, որ այսօրվա քննարկումները կամրագրվեն փաստաթղթով», - ասել է Կիրբին։
Նա հավելել է, որ բանակցությունները կշարունակվեն օգոստոսի 16–ին, իսկ կողմերի միջև դեռևս առկա տարաձայնությունները լիովին հաղթահարելի են:
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկները ներխուժել են սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա և ավելի քան 200 պատանդ էին վերցրել:
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարել է անկլավի ամբողջական շրջափակման մասին, դադարեցվել են ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: