Աղետի գոտում բոլոր ուղղություններով ունենք անցանելի ճանապարհներ, բացի մեկից. Գնել Սանոսյան

Գնել Սանոսյանը Լոռիում. Արխիվային լուսանկար
Ինչ վերաբերում է երկաթուղու աշխատանքին, ապա նախարարի խոսքով` այն ամբողջովին վերականգնված է ու աշխատում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտում գրեթե բոլոր ուղղություններով ունենք անցանելի ճանապարհներ։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Միակ թաղամասը կամ հատվածը, որին մեքենաներով հասանելիություն չկա, Ալավերդու Սանահին կայարան թաղամասն է, որտեղ այս պահին մետաղական կամուրջ է հավաքվում՝ նախատեսված մեքենաների և հետիոտի համար։ Քարկոփի պարագայում, թեև կամուրջը վերանորոգված չէ, բայց Ախթալայի կամուրջը կա, ուղղակի ճանապարհը մի քիչ երկար է»,– նշեց նա։
Նախարարը վստահեցրեց, որ Սանահին կայարան թաղամասի համար կառուցվող մետաղական կամուրջը բավականին լավ կառույց է լինելու և, եթե հարմարավետ լինի իր լուծումներով, ապա չի բացառվում, որ այն նաև դառնա հիմնական։ Այն պատրաստ կլինի մինչև օգոստոսի վերջ։
Ինչ վերաբերում է երկաթուղու աշխատանքին, ապա այն, ըստ Սանոսյանի` ամբողջովին վերականգնված է ու աշխատում է։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որևէ տնտեսվարող չգա, ասի` հորս արև, պահեստում 15 մլն դրամի ապրանք եմ ունեցել. Փաշինյան