«Շառլ Ազնավուր» և «Երվանդ Քոչար» արծաթե հուշադրամներ են հատվել

ՀՀ ԿԲ
1000 և 500 խմբաքանակով հատված հուշադրամները շրջանառության մեջ կդրվեն օգոստոսի 15-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. 2024 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» և «Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ» արծաթե հուշադրամները: Տեղեկությունը հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։
Ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, Շառլ Ազնավուրի հուշադրամի դիմերեսին Ազնավուրին շնորհված «Հայրենիքի շքանշանն» է՝ հավերժության նշանի ֆոնին: Դարձերեսին Շառլ Ազնավուրի դիմապատկերն է` կրկին հավերժության նշանի ֆոնին, նաև Հայաստանի և Ֆրանսիայի հանրապետությունների դրոշների միաձուլվող պատկերն է: Էսքիզների հեղինակը Հարություն Սամուելյանն է, հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում: Արծաթե հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է, քաշը՝ 33,6 գ , տրամագիծը՝ 40,0 մմ։ Հուշադրամը հատվել է 1000 հատ խմբաքանակով։
Памятные монеты ЦБА
Հայ մեծ նկարիչ-արձանագործ, տարածական նկարչության հիմնադիր Երվանդ Քոչարի հուշադրամի դիմերեսին Քոչարի «Մելինեի դիմանկարը» գեղանկարն է և «Էրեբունի-Երևան» տարածանկարը: Դարձերեսին Քոչարի դիմապատկերն է, դրվագ «Պատերազմի արհավիրքը» կտավից և «Մելամաղձություն» քանդակը: Էսքիզների հեղինակ Կարեն Մելիքյանն է, հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում: Արծաթե հուշադրամի անվանական արժեքը 100 դրամ է, քաշը՝ 28,28 գրամ, տրամագիծը՝ 28,0 x 40,0 մմ։ Հուշադրամը հատվել է 500 հատ խմբաքանակով։