ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Կուրսկի տարածաշրջանային օպերատիվ շտաբը որոշում է կայացրել Գլուշկովո գյուղի տարհանման մասին։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել Է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։
Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը օգոստոսի 7-ին հայտարարել էր, թե օգոստոսի 6-ին` ժամը 5:30-ին, Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները հարձակման են անցել Կուրսկի շրջանում տարածք գրավելու նպատակով: Նրա խոսքով՝ նրանց առաջխաղացումը դեպի ՌԴ տարածք կասեցվել է։
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդգծել է, որ Կուրսկի շրջանում գործողությունն ավարտվելու է հակառակորդի ջախջախմամբ և պետական սահմաններից դուրս շպրտվելով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կուրսկում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել, անկանոն կրակոցներ է արձակում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ:
Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի շրջաններում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և ուկրաինական դիվերսիոն-հետախուզական կազմավորումների կողմից ահաբեկչությունների սպառնալիքները կանխելու համար գործի է դրվել հակաահաբեկչական գործողություն։