ՀՀ–ում ավելի քան 100 մարդ հավատացել է կեղծ զանգերին. քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ քննչական կոմիտե
ՔԿ–ն վստահեցնում է, որ անհրաժեշտ գործողություններ են ձեռնարկվում հանցագործություն կատարող անձանց շրջանակը պարզելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Մեծ թվով քաղաքացիներից խարդախությամբ խոշոր գումարներ են հափշտակելու համար ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է տարածվում` խարդախները զանգում են քաղաքային և բջջային հեռախոսահամարներին և զանգին պատասխանողին ասում, թե նրա հարազատն իբր վթարի է ենթարկվել կամ վրաերթի է ենթարկել ինչ–որ մեկին, և պետք է շտապ գումար փոխանցել բուժման համար: Խնդրի մասին քաղաքացիները սկսեցին ահազանգել սոցցանցերում, որպեսզի մյուսները զգոն լինեն։
ՀՀ ներքին գործերի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ 14 մարդ հավատացել է խաբեբաներին և ընդհանուր մոտ 28 միլիոն դրամ փոխանցել։
ՔԿ-ից տեղեկացնում են, որ նշված խարդախություններից տուժած քաղաքացիների թիվն արդեն իսկ գերազանցում է հարյուրը։
Ներկայացված հաղորդումների առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (խարդախությունը) տարբեր մասերի հատկանիշներով:
Անհրաժեշտ քննչական և այլ վարութային գործողություններ են ձեռնարկվում հանցագործություն կատարող անձանց շրջանակը պարզելու համար։
ՔԿ–ն քաղաքացիներին հորդորում է խաբեության փաստն արձանագրելու կամ կասկածներ ունենալու դեպքում անմիջապես կապ հաստատել իրենց հետ։