ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ «Հրազդան» կենտրոնական մարզադաշտում 2024/2025 մրցաշրջանի Հայաստանի Պրեմիեր լիգայի և գավաթի խաղարկության հանդիպումների անցկացման հնարավորության համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ օգոստոսի 5-ին ֆեդերացիայի ներկայացուցիչները ստուգայց են կատարել մարզադաշտ, կազմել են հաշվետվություն և եզրակացություն, որոնք ներկայացվել են ֆուտբոլային ակումբին։
«ՀՖՖ-ի համար առանձնահատուկ կարևորություն ունի երկրպագուների անվտանգության հարցը և ակումբին ներկայացված վերջնական եզրակացության մեջ ընդգծվել է անկախ մասնագիտացված մարմնի կողմից «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի սեյսմիկ անվտանգության ու կայունության տեսչական ստուգման և եզրակացության ներկայացման կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ֆեդերացիայից խոստանում են՝ անվտանգության ապահովման դեպքում ՀՖՖ-ն պատրաստ է ցուցաբերել խորհրդատվական աջակցություն մարզադաշտի շահագործման մյուս հարցերում, ինչպես նաև «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը շահագործելու վերջնական հավաստագիր տրամադրելու համար։
Ավելի վաղ «Փյունիկը» «Հրազդան» մարզադաշտում մարզումներ անցկացնելու լուսանկարներ էր հրապարակել։