Աշխարհի ակումբային նոր առաջնությանը մասնակցելը ոգևորում է մեզ. Մխիթարյան

«Ինտերը» ցանկանում է առաջ ընթանալ Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև մտածում է 2025 թվականին կայանալիք աշխարհի ակումբային նոր առաջնության մասին, որին նախկինում արդեն մասնակցել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Աշխարհի ակումբային նոր առաջնությանը մասնակցելը ոգևորում է «Ինտերին»: Gazzetta dello Sport-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է ակումբի կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ խոսելով նոր մրցաշրջանում թիմի հեռանկարների մասին:
Պարբերականի թղթակիցը հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Մխիթարյանը հայտարարել էր` «Ինտերը» 20-րդ անգամ կհաղթի Իտալիայի առաջնությունում, և նա իրավացի էր:
«Մենք ցանկանում ենք ավելի լավ հանդես գալ, քան մեկ տարի առաջ էր, մասնավորապես` ցանկանում ենք առաջ ընթանալ Չեմպիոնների լիգայում (վերջին խաղարկությունում թիմը դուրս մնաց 1/8 եզրափակիչում, - խմբ): Իսկ հետո մեզ սպասում է աշխարհի ակումբային առաջնությունը (2025թ․)։ Սա դեռ հեռավոր նպատակ է, մենք ժամանակ կունենանք պատրաստվելու դրան, բայց դա մեզ ոգևորում է»,- ասել է Մխիթարյանը:
Նշենք, որ 2025 թվականին ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի նոր համակարգով։ Մրցաշարին կմասնակցեն 24 թիմեր, որոնցից 12- ը՝ Եվրոպայից, 6-ը՝ Հարավային Ամերիկայից, մնացած 6-ը՝ Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայից, Աֆրիկայից, Ասիայից, ինչպես նաև Ավստրալիայից և Օվկիանիայից: Այդ թվում՝ լրացուցիչ տեղ կստանա ԱՄՆ-ն՝ մրցաշարի տերերի կարգավիճակով։ Մասնակցության իրավունք կստանան նախորդ 4 տարիների Չեմպիոնների լիգայի և այլ տարածաշրջանային Չեմպիոնների գավաթների հաղթողները, ինչպես նաև բարձր վարկանիշ ունեցող թիմերը («Ինտերը» առաջնությունում հայտնվել է ՈւԵՖԱ-ում բարձր վարկանիշի հաշվին):
Հենրիխ Մխիթարյանը Մեսսիի և Ռոնալդուի հետ ընդգրկվել է աստղային թիմի կազմում