Զարիֆի ոճով էր․ իրանագետը՝ Իրանի փոխնախագահի հրաժարականի մասին

Մոհամմադ Ջավադ Զարիֆ
Իրանագետը կարծում է, որ Զարիֆի հրաժարականի պատճառը կառավարության նոր կազմն է, որը թեպետ դեռ պետք է հաստատվի խորհրդարանի կողմից, բայց թեկնածուներից 9-ը պահպանողական թևն են ներկայացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրաժարականն իր ոճով էր և Իրանի ներքաղաքական կյանքին բնորոշ իրադարձություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրանագետ Ժաննա Վարդանյանը։
Օգոստոսի 11-ին Զարիֆը X-ի իր էջում հայտնեց, որ հրաժարական է ներկայացրել, որովհետև բավարարված չէ իր աշխատանքի արդյունքից։։
Վարդանյանը նշեց, որ սա Զարիֆի երևի 6-րդ հրաժարականն է։ Տարբեր իրավիճակներում նա այս քայլին է դիմել իր դժգոհությունն արտահայտելու համար։
Մասուդ Փեզեշքիանի՝ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո Զարիֆի գլխավորությամբ ձևավորվել էր ռազմավարական խորհուրդ, որն էլ զբաղվում էր կառավարության հնարավոր կազմի ձևավորմամբ։ Երեկ Մասուդ Փեզեշքիանը ներկայացրեց կառավարության կազմը։ 19 թեկնածուներից 9-ը պահպանողականներ են, մինչդեռ Զարիֆը, իրանագետի խոսքով, բարեփոխական ամենահայտնի, քննարկված, քննադատված ու միաժամանակ ամենագովերգված գործիչներից է։

«Թեկնածուների մյուս մասը եղել են Մասուդ Փեզեշքիանի և խորհրդարանի, նաև այլ կառույցների հետ խորհրդակցության արդյունքում որոշված թեկնածուներ, հիմնականում՝ պահպանողական թեկնածուներ, այդ թվում՝ Ռայիսիի օրոք նախարար եղած, ու սա ընդհանուր դժգոհություններ էր առաջացրել բարեփոխականներից ոմանց մոտ, որոնց համար սա անընդունելի է։ Նման մեծ քանակի պահպանողականների ներգրավվածությունը մի այնպիսի նախագահի կառավարությունում, որի հաղթանակը եղել է բարեփոխականների հաղթանակի արդյունքը, ընդունելի չէ»,- նշեց Վարդանյանը։

Իրանագետի կարծիքով՝ կառավարության այսպիսի կազմի առաջադրումն Իրանի նորընտիր նախագահի կողմից միտված է եղել նաև ինչ-որ առումով հոգևոր առաջնորդին գոհացնելուն, այսինքն՝ այսպիսով ցույց տալ, որ շարունակելու է Ռայիսիի ուղին, արժանանալ ընդհանուր համակարգի բարեհաճությանը՝ անխոչընդոտ գործունեության համար։