ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանում 2024 թվականի սկզբից ի վեր հատուկ ծառայությունների կողմից կանխվել է 110 ահաբեկչություն, կասեցվել է 45 ահաբեկչական բջիջների գործունեությունը, ձերբակալվել են ահաբեկչական գործունեության հետ առնչություն ունեցող ավելի քան 1050 անձինք։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեն։
Ելույթ ունենալով կոմիտեի նիստում՝ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը Ուկրաինայի իշխանություններին մեղադրել է Կուրսկի մարզում ահաբեկչական հարձակում իրականացնելու համար, որի թիրախ են դարձել խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական օբյեկտները:
Նա նշել է, որ այժմ հակաահաբեկչական գործողություններ են իրականացվում Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերում, սահմանվել են համապատասխան իրավական ռեժիմներ, միջոցներ են ձեռնարկվում քաղաքացիների պաշտպանությունը կազմակերպելու և ահաբեկչությունները կանխելու համար:
«Հակառուսական աննախադեպ տեղեկատվական արշավի միջոցով, որը ծավալվել է արևմտյան հետախուզական կառույցների մասնակցությամբ, փորձ է արվում ռուսական հասարակությունում ստեղծել սոցիալական լարվածության օջախներ, ձևավորել կոնֆլիկտային իրավիճակներ։ Աճել է օտարերկրյա հատուկ ծառայությունների հավաքագրման ակտիվությունը՝ Ռուսաստանի քաղաքացիներին, առաջին հերթին երիտասարդներին ահաբեկչական գործունեության մեջ ներգրավելու համար», — ընդգծել է Բորտնիկովը։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ պահպանվում են սպառնալիքները, որոնք բխում են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմից․ դրանց էմիսարները փորձում են ներդնել Ռուսաստանի համար ոչ ավանդական իսլամի արմատական հոսանքների գաղափարները, որոնում են ահաբեկչություններ և զինված հարձակումներ իրականացնողների: Հիմնականում ապակառուցողական աշխատանք է տարվում Հյուսիսային Կովկասի բնակչության և Կենտրոնական Ասիայի միգրանտների շրջանում։