ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik, Դավիթ Գալստյան. ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է Sputnik Արմենիայի հարցմանը, թե արդյոք Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի հետ ստորագրվե՞լ է փաստաթուղթ Գորիս–Կապան մայրուղու վրա սահմանային վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ։
Նշենք, որ 2024–ի օգոստոսի 1-ից Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչությունը պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը «Զվարթնոց» օդանավակայանի անցակետում։ Մինչ այդ ՌԴ սահմանապահները սկսել էին հեռանալ Սյունիքից, մասնավորապես` Գորիս–Կապան–Ճակատեն հատվածից, որտեղ տեղակայված էին։ Դրա համար հիմք էր հանդիսացել 2024 թվականի մարտի 1-ի հայկական կողմի համապատասխան դիմումը։
Սյունիքից ռուսական սահմանապահների դուրսբերման հետ կապված մենք դիմեցինք ՀՀ ԱԳՆ, պարզելու` ինչ փաստաթղթի հիման վրա են նրանք իրականացրել Գորիս–Ճակատեն հատվածի վերահսկողությունը։
Հարկ է նշել, որ դեռ 2021 թվականին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ոչ պաշտոնական հուշագրի տեքստ էր հրապարակել։ Դրանից հետո Sputnik Արմենիան դիմել էր տարբեր կառույցների, այդ թվում ՀՀ ՊՆ` խնդրելով տրամադրել տեքստի բնօրինակը, սակայն մենք այն այդպես էլ չստացանք։
Գորիս-Դավիթ-Բեկ և Կապան-Ճակատեն ճանապարհներով երթևեկության անվտանգության կազմակերպման վերաբերյալ համացանցում հրապարակված հուշագրի տեքստը
© Photo : Telegram / "Армения в цифрах"
Այս անգամ ՀՀ արտգործնախարարությունը հաստատեց նման փաստաթղթի առկայությունը։
«Տեղեկացնում ենք, որ նման բնույթի փաստաթուղթ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների միջև», – ասացին գերատեսչությունից։
Փաստաթուղթը ներկայացնելու խնդրանքին ի պատասխան, ԱԳՆ–ից հայտնեցին, որ այն իրենց տիրապետության ներքո չէ։
Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերին ՀՀ ՊՆ–ն հայտարարել էր, որ «վիճահարույց տարածքով անցնող» Գորիս–Կապան 21 կմ երկարությամբ ավտոճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու են ՌԴ սահմանապահները։
Պայմանավորվածությունը ձեռք էին բերել Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները։