ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ՄԱԿ–ը ձախողել է պաղեստինյան պետություն ստեղծելու առաքելությունը։ Այս մասին Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
«ՄԱԿ–ը ԱՄՆ–ի ճնշման պատճառով ձախողել է իր առաքելությունը` կապված մի բանաձևի ընդունման հետ, որը կապահովեր պաղեստինյան ժողովրդի իրավունքների իրացումը», – ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` ասել է Աբասը։
Ինչպես նշել է Պաղեստինի ղեկավարը, Ռուսաստանը «Պաղեստինի ժողովրդի համար բարեկամական երկիր է, և այդ բարեկամությունը տասնամյակների պատմություն ունի»։
«Պարո՛ն նախագահ, ինձ համար միշտ մեծ ուրախություն է Ձեզ հետ հաղորդակցվելն ու խորհրդակցելը, մենք հավատում ենք Ձեզ, մենք վստահում ենք Ձեզ և զգում Ձեր աջակցությունը», – ասել է Աբասը։
Նրա խոսքով` Պաղեստինն ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը։
«Մենք զգում ենք, որ Ռուսաստանը պաղեստինցի ժողովրդի ամենաթանկ բարեկամներից մեկն է, և ինչպես դուք ասացիք հանդիպման սկզբում, հույս ունենք, որ Պաղեստինի ժողովուրդը ևս կստանա իր պետությունը», – հավելել է Աբասը։
Հավելենք, որ վերջին անգամ Ռուսաստանի և Պաղեստինի առաջնորդները հանդիպում են ունեցել երկու տարի առաջ, թեև մշտապես կապի մեջ են։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։