ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ավելի քան 1600 հայկական բեռնատար ռուս–վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետով անցնելու էլեկտրոնային հերթի մեջ են: Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքից։
Նախորդ օրվա համեմատ Հայաստանից Լարսով անցնող բեռնատարների թիվը նվազել է գրեթե հարյուրով։
Վերջին տվյալներով` հերթում ընդհանուր առմամբ 4289 մեքենա կա, որոնցից 1603–ը հայկական բեռնատարներ են։
Այս պահին կանաչ գոտում (սահմանային անցման կետում) 200 բեռնատար կա տարբեր երկրներից։
Նշենք, որ Վերին Լարսի` Ռուսաստանից դեպի Վրաստան տանող ճանապարհին ավելի քան մեկ շաբաթ է հսկայական հերթ է գոյացել։ Քաղաքացիները ստիպված են մի քանի ժամ սպասել իրենց հերթին, խցանումներ են նկատվում նաև չեզոք գոտում։
Խցանումները մեծանում են հանգստի սեզոնի և գյուղմթերքով բեռնված բեռնատարների մեծ հոսքի պատճառով:
Վիճակագրության համաձայն` ամեն օր Վերին Լարսով շուրջ 150 հայկական բեռնատար է անցնում։
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ գործող ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):