ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Իրանը կարող է առաջիկա ժամերին որոշել հարվածել Իսրայելին` ի պատասխան Իսմայիլ Հանիաի սպանության, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը։
«Որոշումը կարող է կայացվել առաջիկա մի քանի օրերի կամ նույնիսկ մոտակա մի քանի ժամվա ընթացքում», - ասել է Աբասը։
Նա նշել է, որ իրենք՝ որպես պաղեստինցիներ, դեմ են պատերազմին։
«Մենք պաշտոնապես հայտարարել ենք (2023 թվականի հոկտեմբերի 7-ին,–խմբ), որ դեմ ենք պատերազմին և դեմ ենք խաղաղ բնակիչների, կանանց, երեխաների սպանությանը։ Մենք դեռ չենք կարող կանխատեսել, թե ինչ կլինի, բայց կարող ենք հուսալ, որ էսկալացիա տեղի չի ունենա, պատերազմ չի լինի, որի հետևանքները դժվար է գնահատել»,–ասել է նա։
Հիշեցնենք` հուլիսի վերջին Թեհրանում սպանվեց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։ Նա Իրանի մայրաքաղաք էր մեկնել՝ մասնակցելու երկրի նոր նախագահի երդմնակալությանը: Շարժումը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրեց Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարեց, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: Իսրայելի ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն մեկնաբանում Հանիայի սպանությունը: ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը հայտարարեց, որ ԱՄՆ-ն առնչություն չունի ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան հետ։
Հուլիսի 31-ի երեկոյան ամերիկյան «New York Times» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, պնդեց, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության: Ավելի ուշ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ Թեհրանը, հետևելով միջազգային իրավունքին, իրեն իրավունք է վերապահում՝ արձագանքելու Հանիայի սպանությանը այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ համարի: