ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրությունը հրապարակվել է խորհրդարանի կայքում։
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները»,– ասված է փաստաթղթում:
Նշենք, որ պատգամավորը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել էր օգոստոսի 6-ին։
Հիշեցնենք` Գուրգեն Արսենյանը 2023 թվականի հոկտեմբերին հաստատել էր, որ իրեն ՌԴ-ում դեսպան նշանակվելու առաջարկ արվել է, սակայն պատասխան այդպես էլ չի եկել։ Ավելի ուշ ԶԼՄ–ները գրեցին, որ Արսենյանի ագրեմանը հաստատելու որոշումը կայացվել է մայիսին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Մոսկվա` ԵԱՏՄ նիստին մասնակցելու: ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ՌԴ-ում դեսպան լինելու ագրեմանի հաստատման կամ չհաստատման գործընթացը գաղտնի է:
Ըստ լրատվամիջոցների` Արսենյանը ՌԴ–ում ՀՀ դեսպան կնշանակվի սեպտեմբերին։