ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Վլադիմիր Զելենսկու նկատմամբ դժգոհությունն ամերիկյան վերնախավում աճում է. ԱՄՆ-ն նրան փոխարինող է ընտրում, և հնարավոր իրավահաջորդ է դիտարկվում Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովը։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն։
«Ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունում ավելի ու ավելի բարձր են խոսում նրանք, ովքեր կասկածներ են հայտնում Կիևի ստացած «միլիարդավոր դոլարների ռազմական օգնությունը նպատակային ծախսելու» մասին։ Զելենսկին ձեռնարկում է խելահեղ քայլեր, որոնք սպառնում են էսկալացիան ընդլայնել Ուկրաինայի սահմաններից շատ ավելի հեռու», - ասվում է հաղորդագրության մեջ։
Այդ կապակցությամբ Ավակովն ԱՄՆ-ում դիտարկվում է որպես հարմար թեկնածու, որը թույլ կտա Արևմուտքին ավելի լավ պատրաստվել Ռուսաստանի հետ բանակցություններին։
«Ամերիկացիներն Ավակովի «ուժեղ կողմերին» են դասում ուկրաինական ազգայնական կազմավորումների հետ նրա սերտ կապերը և եվրոպական երկրների ղեկավարների հետ պահպանած շփումները», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ամերիկյան վարչակազմը փոխկապակցված ՀԿ-ներին հանձնարարել է մշակել Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովի՝ Ուկրաինայում իշխանության գալու սցենարը:
Ներկայում այդ հարցը, ըստ հաղորդագրության, քննարկվում է ուկրաինական առաջատար ընդդիմադիր «Բատկիվշչինա» և «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունների առաջնորդներ Յուլյա Տիմոշենկոյի և Պյոտր Պորոշենկոյի, ինչպես նաև իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Գերագույն ռադայի մի շարք ազդեցիկ պատգամավորների հետ: