ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Արարատ Միրզոյանի (ներկայում ՀՀ արտաքին գործերի նախարար, 2020 թ–ին` ԱԺ նախագահ) ծեծի գործով կալանավորված Արա Բադոյանը դիմել է Մարդու իրավունքների եվրապական դատարան: Այս մասին գրում է Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ օրաթերթի` Բադոյանը ներկայացրել է իր շուրջ կատարվող իրադարձութունները, թե ինչպես են իրեն ապօրինի կերպով պահում կալանքի տակ:
«Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՄԻԵԴ-ը հետաքրքրվել է գործով ու Հայաստանից տվյալ դեպքի մասով փաստաթղթեր և այլ հավելյալ տեղեկություններ է խնդրել տրամադրել»,–գրում է «Ժողովուրդը»:
Հիշեցնենք` 2020–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 301.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրգործ:
Նշենք, որ ըստ մեղադրանքի` Բադոյանը միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին և ոտքով հարվածել է վերջինիս՝ այդկերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:
Բադոյանը չի ընդունում մեղքը՝ հայտարարելով, որ երբ մոտեցել է Միրզոյանին, նա արդեն գետնին ընկած է եղել: