Շոլցն ու Իրանի նախագահը զրուցել են հեռախոսով

Օլաֆ Շոլց
Կանցլերն ընդգծել է Իսրայելի և Գազայի հատվածի միջև հրադադարի մասին համաձայնագրի կնքման, ինչպես նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից գերեվարվածներին ազատ արձակելու անհրաժեշտությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին կոչ է արել ամեն ինչ անել Մերձավոր Արևելքում հետագա սրացումից խուսափելու համար։ Այս մասին հաղորդում Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Գերմանիայի նախարարների կաբինետի մամուլի քարտուղարի տեղակալ Վոլֆգանգ Բյուխների հայտարարությունը։
«Այսօր դաշնային կանցլեր Շոլցը հեռախոսով զրուցել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կանցլերը լուրջ մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում տարածաշրջանային հակամարտության սրման սպառնալիքի կապակցությամբ: Նա Փեզեշքիանին կոչ է արել հնարավոր ամեն բան անել հետագա ռազմական էսկալացիան կանխելու համար։ Մերձավոր Արևելքում բռնության ալիքը պետք է կասեցվի», - ասվում է Բյուխների հայտարարության մեջ:
Կանցլերն ընդգծել է Իսրայելի և Գազայի հատվածի միջև հրադադարի մասին համաձայնագրի կնքման, ինչպես նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից գերեվարվածներին ազատ արձակելու անհրաժեշտությունը: Շոլցի խոսքով՝ տարածաշրջանում լարվածության թուլացման գործում դա կարևոր ներդրում կլինի։
Հիշեցնենք` հուլիսի վերջին Թեհրանում սպանվեց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։ Նա Իրանի մայրաքաղաք էր մեկնել՝ մասնակցելու երկրի նոր նախագահի երդմնակալությանը: Շարժումը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրեց Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարեց, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: Իսրայելի ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն մեկնաբանում Հանիայի սպանությունը: ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը հայտարարեց, որ ԱՄՆ-ն առնչություն չունի ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան հետ։
Հուլիսի 31-ի երեկոյան ամերիկյան «New York Times» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, պնդեց, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության: Ավելի ուշ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ Թեհրանը, հետևելով միջազգային իրավունքին, իրեն իրավունք է վերապահում՝ արձագանքելու Հանիայի սպանությանը այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ համարի: