Փաշինյանը վերադարձել է արձակուրդից և մայթերի վերաբերյալ հանձնարարական տվել

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը տեսել է, որ մարդիկ ցեմենտ–ավազի շաղախ են անում մայթերին ու փչացնում այն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի– Sputnik. ՀՀ կառավարությունը բազմաթիվ համայնքներում սուբվենցիոն ծրագրերով մայթեր է վերանորոգում, սակայն դրանք շատ հաճախ իրենց նպատակին չեն ծառայում։ Ֆեյսբուքյան էջում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր է աշխատանքի վերադարձել գրեթե մեկ ամիս տևած արձակուրդից։
«Ես սովորություն ունեմ` գնում եմ տեսնելու, թե ինչ է արվել սուբվենցիոն ծրագրերով։ Ինձ համար տարօրինակ կերպով արձանագրում եմ, որ շատ հաճախ մայթերն օգտագործում են որպես ավտոկանգառ` մայթերի վրա մեքենաներ են կանգնած, ինչն իհարկե խնդրահարույց է։ Մենք այդ մայթերը վերականգնել ենք, որպեսզի հետիոտները հնարավորություն ունենան նորմալ քայլելու»,– ասաց նա։
Փաշինյանի խոսքով` անգամ հանդիպել է դեպքերի, երբ մարդիկ այդ մայթերի վրա ցեմենտ–ավազի շաղախ են անում իրենց շինարարական աշխատանքների համար` հաշվի չառնելով, որ այդ շաղախը ասֆալտի կամ սալահատակի վրա վատ հետևանք է թողնում։
«Եթե միլիարդներով գումար է ծախսվել, ու իր նպատակին չի ծառայելու այդ մայթը, ապա ինչի՞ համար էր այն ընդհանրապես պետք»,– դժգոհեց վարչապետը։
Նա տեղեկացրեց, որ այդ առիթով բոլոր պետական մարմիններին հանձնարարականներ է տվել։