Հայաստանում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է տարածվում` խարդախները զանգում են քաղաքային և բջջային հեռախոսահամարներին և զանգին պատասխանողին ասում, թե նրա հարազատն իբր վթարի է ենթարկվել կամ վրաերթի է ենթարկել ինչ–որ մեկին, և պետք է շտապ գումար փոխանցել բուժման համար: Խնդրի մասին քաղաքացիները սկսեցին ահազանգել սոցցանցերում, որպեսզի մյուսները զգոն լինեն։
Հատկապես տարածվեց մի գրառում, որում կինը պատմում է, թե ինչպես են զանգել մորը և ասել, թե դուստրը թոռան հետ վթարի է ենթարկվել։ Մոր ինքնազգացողությունը վատացել է, բայց կարողացել է կողմնորոշվել ու զանգել աղջկան։ Դուստրն էլ սթրեսի մեջ է ընկել մոր գոռոցից ու լացից։
Թվում էր, թե սոցցանցային քննարկումները զգուշացում կդառնային, սակայն ՀՀ ներքին գործերի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ 14 մարդ հավատացել է խաբեբաներին։
«Օգոստոսի 11-ի դրությամբ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը ստացել է 99 նման ահազանգ։14 տուժողներ խարդախներին փոխանցել են ավելի քան 28 մլն դրամ, որից 16․500․000–ը` դրամով, 690․000–ը` ռուբլիով (մոտ 2 925 600 դրամ ), 17․600–ը` դոլարով ( մոտ 6,793 600 դրամ) և 4․700–ը եվրոյով (1 964 600 դրամ)»,– հայտնեցին ՆԳՆ–ից։
Մեդիափորձագետ Արթուր Պապյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ անձամբ ինքն այսօր Բուլղարիայից նույն բովանդակությամբ զանգ է ստացել։ Հասկանալով, որ խաբել չի ստացվում` խարդախներն անջատել են հեռախոսը։ Պապյանը տվյալ հեռախոսահամարը փոխանցել է իրավապահներին։
Ասում է` այս պարագայում ոչինչ չի մնում, քան քաղաքացիներին կրկին իրազեկել, որ զգոն լինեն և անծանոթ մարդկանց չհավատան։
Նրա խոսքով` ոստիկանությունն իհարկե կարող է հեռահաղորդակցային օպերատորներին զգուշացնել, որ արգելափակեն արտասահմանյան զանգերը , բայց դա հեշտ գործ չէ ։ Հիմնականում զանգերը լինում են տարբեր հեռախոսահամարներից, և ոստիկանությունը չի կարող ինչ–որ սկզբունքով ամբողջ արտասահմանյան զանգերն արգելափակել։ Դա լուրջ խնդիրների կհանգեցնի, քանի որ մարդկանց պետք է արտասահմանյան զանգեր ստանալ և ուղարկել։
«Օրինակ` եթե մարդկանց ասենք Բուլղարիայից եկող զանգերին մի պատասխանեք, խարդախները կսկսեն զանգահարել Ռումինիայի հեռախոսահամարներից»,– ասաց Պապյանը։
Նրա խոսքով` արտասահմանում վաղուց են խաբեության նման սխեմա կիրառում, ուստի մնում է մեդիագրագետ դարձնել հասարակությանը։