ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ՌԴ Դաշնային խորհրդի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը Զապորոժիեի ԱԷԿ–ին Ուկրաինայի զինված ուժերի կողմից ԱԹՍ–ներով հասցված հարվածը միջուկային ահաբեկչություն է որակել։ Համապատասխան հրապարակում է հայտնվել ՌԴ սենատորի Telegram ալիքում։
Ուկրաինայի ԶՈւ–ի կողմից Էներգոդարին հասցված հարվածի մասին (որը Զապորոժիեի ԱԷԿ–ի հովացման համակարգերի տեղամասում հրդեհ է առաջացրել) օգոստոսի 11–ի երեկոյան հայտնել էր Զապորոժիեի մարզպետ Եվգենի Բալիցկին։ Ռոսատոմում ավելի ուշ հայտնել էին, որ ատոմակայանի երկու հովացման աշտարակներից մեկին երկու անմիջական հարված է հասցվել ուկրաինական հարվածային անօդաչուներով, ինչի հետևանքով ներքին ենթակառուցվածքներում հրդեհ է առաջացել։
«Ուկրաինայի ԶՈւ–ի հրամանատարությանը` անձամբ Սիրսկիին, հարց կցանկանայի ուղղել. ի՞նչ է, գժվե՞լ եք։ Մի՞թե չեք հասկանում, որ Զապորոժիեի ԱԷԿ–ի մարդածին աղետը այդ հողերը 100 տարով կթունավորի։ Թե՞ ձեզ համար միևնույն է արդեն, և դուք արդեն հրաժեշտ եք տվել հնամենի Դնեպրի հողին` Եվրոպաներում ձեր կյանքի վերջին օրերը վատնելու համար տեղ նշմարելով։ Կա՛նգ առեք, խելագարնե՛ր»,–գրել է Ռոգոզինը։
Սենատորը հայտարարել է, որ կայանը լքել է հարվածից երկու ժամ առաջ։ Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի ԶՈւ–ն կայանը խոցել է երկու անգամ, որից հետո հրդեհ է բռնկվել։ Լրջորեն վնասվել է Զապորոժիեի ԱԷԿ–ի հովացման աշտարակը։ Օգոստոսի 11-ի երեկոյան կրակը մարվել է։
Ռոգոզինը հավելել է, որ անօդաչուի հարվածը կարելի է բնութագրել որպես Ուկրաինայի իշխանությունների կողմից միջուկային ահաբեկչություն իրականացնելու փաստ։
ՄԱԳԱՏԷ–ի տեսուչներին նա անվանել է «անվճռական անբաններ», որոնք որևէ հստակ բան չեն կարողանում ասել ԱԷԿ–ի հրթիռակոծման անթույլատրելի լինելու մասին։