ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի– Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հուսով է, որ օլիմպիական խաղերի եզրափակիչ գոտեմարտի վերաբերյալ բողոքարկումն արդյունք կտա։ Նա այդ մասին ասաց «Զվարթնոց» օդանավակայնում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԱՕԿ-ն Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտի հետ կապված բողոք է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին։
«Ինձ մեդալի գույն էր պետք, իմ ուզած գույնը։ Հուսով եմ` բողոքարկումը արդյունք կտա։ Նման պրակտիկա եղել է, սակայն ոչ թե օլիմպիական խաղերին, այլ աշխարհի առաջնությանը»,– ասաց Ալեքսանյանը։
Նա վերահաստատեց իր այն միտքը, որ հայկական պատվիրակության նկատմամբ կար որոշակի լարվածություն։
«Մեր բոլոր բողոքարկումները չեն անցել։ Նույն Սլավիկ Գալստյանի համար կարող եմ ասել` կիսաեզրափակիչում հաղթեց, հետո բողոքարկեցին, արդյունքները փոխվեցին, ու ամբողջ գոտեմարտի ելքը փոխվեց։ Մինչդեռ Սլավիկը եզրափակիչում պետք է հանդես գար»,– նշեց նա։
Ըմբիշը նշեց, որ իրեն այլ երկրներից առաջարկել են հանդես գալ իրենց դրոշի ներքո, բայց վստահեցրեց, որ դա անհնար է։
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը (97կգ) օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի եզրափակիչում 4։1 հաշվով զիջեց իրանցի Մոհամադհադի Սարավիին ու արծաթե մեդալ նվաճեց։