ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայաստանում բնակվող եզդիներն այս պահին հավաքվել են ՄԱԿ–ի երևանյան գրասենյակի մոտ, որպեսզի իրազեկման ակցիա անցկացնեն և իրենց նամակը փոխանցեն ՄԱԿ–ի ներկայացուցիչներին։ Նրանք ցանկանում են միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Իրաքի հյուսիսում եզդիների հանդեպ ծայրահեղական խմբավորումների թիրախավորումների վրա։
«Վերջին մի քանի օրերին Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ գերենացվում է ատելության մեծ խոսք, և եզդիական փախստականների ճամբարում խուճապային տրամադրություններ են. մտավախություն ունեն, որ իսլամիստները նորից հարձակում կգործեն իրենց վրա»,–այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության անդամ Համլետ Սմոյանը։
Նրա խոսքով` ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ եզդիների ցեղասպանության 10-ամյակի կապակցությամբ եզդիական ջոկատի հրամանատարներից մեկն ասել էր՝ «քանի Մուհամեդը կա, մեր ազգի գլխին կոտորածներն անպակաս են լինելու»։ Նա նկատի է ունեցել այն, որ մինչ այժմ ահաբեկիչները, երբ կոտորում են եզդիներին, անում են Ալլահի և Մուհամեդի անվան տակ։
«Դեպքերն այնպես զարգացան, որ շիա և սունի հոգևորականներն իրենց քարոզչության ընթացքում կոչ արեցին, որ պետք է ոչնչացնել եզդի ժողովրդին, քանի որ եզդիականությունը դեմ է իսլամին։ Այդ ամենը մեծ ալիք ստացավ, սոցիալական ցանցերում տարբեր հեղինակավոր մարդիկ կոչ էին անում ոչնչացնել եզդիներին»,- ասաց Սմոյանը։
Նա ընդգծեց, որ ուզում են իրենց նամակը հանձնել գլխավոր քարտուղարին, որպեսզի ՄԱԿ–ը զսպի իսլամիստերին իր մեխանիզմներով, և ատելության խոսքը գործողությունների չվերածվի։
«Չգիտեմ՝ ինչ արձագանք կլինի։ Տեսել ենք, որ միջազգային հանրությունը չարձագանքեց նաև Արցախի՝ 9 ամիս տևած շրջափակմանը։ Մեծ հույսեր չկան, բայց պետք է պահանջել, ինչքան էլ մեծ հույսեր չլինեն»,- ասաց նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրաքի հյուսիսում իրավիճակն այնքան լարված է, որ եզդիները ստիպված են եղել տասնյակ հազարներով շտապ հեռանալ այդտեղից։
Եզդի առաջնորդները մտահոգված են այն լուրերից, որ Իրաքի քրդական ինքնավարության իշխանությունները պատրաստվում են համաներմամբ բանտերից ազատ արձակել 2014 թվականին եզդիների նկատմամբ ցեղասպանություն իրագործած հարյուրավոր ահաբեկիչների։