ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հաշվի առնելով հաղորդումները, որ «Իրանը ծրագրում է հրթիռներ փոխանցել ՌԴ-ին»` ԱՄՆ-ն եվրոպական դաշնակիցների հետ կապի մեջ է՝ կապված պատասխան քայլեր ձեռնարկելու հետ ։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը։ Նրա խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք խորապես մտահոգված ենք այն հաղորդումներով, որ Իրանը ծրագրում է հարյուրավոր բալիստիկ հրթիռներ մատակարարել Ռուսաստանին։ Շարունակում ենք շփվել եվրոպացի գործընկերների և դաշնակիցների հետ այն հնարավոր միջոցների առնչությամբ, որոնք կարող ենք ձեռնարկել», - ճեպազրույցի ժամանակ ասել է Պատելը։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, Մոսկվայի և Թեհրանի երկկողմ համագործակցությունը Ուկրաինայի հակամարտության հետ կապելու ցանկացած փորձ օգտագործվում է Արևմուտքի կողմից Կիևին զենք մատակարարելու շարունակականությունն արդարացնելու համար:
Ռուսաստանը համարում է, որ Ուկրաինային սպառազինություն մատակարարելը խանգարում է հակամարտության կարգավորմանը, ՆԱՏՕ-ի երկրներին ուղղակիորեն ներքաշում հակամարտության մեջ։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար նախատեսված ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են հակամարտությանը, այդ թվում՝ ոչ միայն զենքի մատակարարմամբ, այլև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքում զինվորական կադրերի պատրաստմամբ: Կրեմլում հայտարարել են, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում բանակցություններին և ունի բացասական ազդեցություն։