Ձեզ համար պետք է հարց լինի՝ ինչու են հեռավոր երկրները Սյունիքում ամրանում․ Իրանի հյուպատոս

ՀՀ–ում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին Սյունիքում
Հարավային Կովկասում Իրանի դերի, Սյունիքում տարբեր երկրների ունեցած հետաքրքրությունների մասին Sputnik Արմենիան զրուցել է ՀՀ–ում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ։
Sputnik
Արդեն 2 տարի է՝ Սյունիքի մարզկենտրոն Կապանում գործում է Իրանի գլխավոր հյուպատոսությունը։ Ո՞րն էր հյուպատոսություն բացելու գերնպատակը, որքանով է նպատակն իրագործվում։
-Պարոն Աբեդին Վարամին, արդեն 2 տարի է՝ հյուպատոսությունը գործում է Կապանում, որքանով է հաջողվել իրագործել ներկայացուցչության առջև դրված նպատակները, գո՞հ եք արդյունքից, և ինչո՞ւ է Հայաստանն այդքան կարևոր Իրանի համար։
-Հյուպատոսության գլխավոր նպատակը եղել և մնում է մեր երկու պետություններն իրար ավելի մոտեցնելը և կապը դյուրացնելը։ Կարծում եմ՝ մեզ հաջողվել է դա անել։ Հայ-իրանական «Նավասարդ» փառատոնը դրա ապացույցներից մեկն է, ընդամենը մեկ դրսևորումը։ 3 տարի առաջ, երբ փառատոնը ստեղծվեց, ամեն ինչ այլ էր, այն, ինչ տեսնում եք, նաև մեր աշխատանքի, հայ գործընկերների հետ լավ համագործակցության արդյունք է։ Վստահ եմ, որ ամեն ինչ ավելի է լավանալու։
Իրանն ու Հայաստանը հազարամյակների բարեկամություն ունեն, մենք միշտ միասին ենք եղել։ Երբ մեր հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հանդիպել էր պարոն Փաշինյանի հետ, հստակ ասել էր` Իրանը կարևորում է Հայաստանի հետ կապը բարձր մակարդակի պահպանելը։ Ուրիշ նախագահների և երկրների հետ նման երկխոսություն քիչ կտեսնեք։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանն այն երկիրն է, որը շատ կարևոր է մեզ համար։ Ու այս հարաբերությունները թշնամիներ ունեն, այդ մասին ևս ասել է Ալի Խամենեին։ Նա ասել է՝ պիտի շատ զգույշ լինել։
- Իրանում ղեկավարության փոփոխությունը չի՞ կարող ազդել մեր երկու երկրների կապերի վրա։
-Իրանի օրենսդրությունն այնպես է կառուցված, որ նախագահի փոփոխությամբ ոչինչ չի փոխվում։ Նախագահ Փեզեշքիանն ու պարոն Փաշինյանն այդ մասին ևս խոսել են։
Տարածաշրջանային ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպան
-Այսօր իրանա-իսրայելական հակամարտությունը բավականին սրված է, կա նաև վտանգ, որ հակամարտությունը կարող է ավելի մեծ մասշտաբներ ստանալ, Մերձավոր Արևելքում, այսպես ասած, Իրանի զբաղվածությունը չի՞ շեղի ուշադրությունը Հարավային Կովկասից։
-Միանշանակ ո՛չ, բացարձակ։ Թեպետ տարբեր երկրներ աշխատում են այդ ուղղությամբ, որ շեղեն Իրանի ուշադրությունը։ Ընդ որում, կան երկրներ, որոնք այստեղից հազարավոր կիլոմետրեր հեռու են, բայց գալիս են այս տարածաշրջան շեղելու համար։ Այդ մարդիկ ու երկրներն այստեղ չպիտի լինեն, նրանք գալիս են և ուզում են Հայաստանը դարձնել ռազմավարական դաշտ։ Խամենեին երբ ասել է՝ «թշնամիներ կան», նաև դա նկատի ուներ։
-Վերջին տարիներին մենք տեսնում ենք, որ արևմտյան երկրները շատ հետաքրքրված են հատկապես Սյունիքով, ինչու՞, ի՞նչն է նրանց այստեղ բերում։
-Այդ հարցին իրենք պիտի պատասխանեն։ Մեզ համար կարևոր է Սյունիքը, որովհետև մեր հարևանն է, Հայաստանի հետ հազարավոր տարիների պատմություն ունենք։ Ձեզ համար էլ հարց պետք է լինի՝ իրենք ինչի՞ համար են գալիս, մատը խառնում և ուզում Սյունիքում ներկա լինել, դուք պետք է այդ հարցն անպայման ճշտեք։
Մենք այդ հեռու երկրներին ասում ենք, որ թողնեն՝ Հայաստանն իր ճանապարհով գնա, չխանգարեն, չխառնվեն։ Հայաստանն անկախ երկիր է, և այդ անկախությունը պետք է հարգել։ Չպիտի Հայաստանին ասեն՝ ում հետ լավ լինի, ում հետ՝ վատ։ Ուկրաինական պատերազմը աշխարհի համար իրոք պետք է ինչ-որ առումով դաս լինի։
-Արդեն 2 տարի Սյունիքում եք ապրում, հե՞շտ է, ի՞նչն է դուր գալիս, ինչի՞ հետ այդպես էլ չեք հաշտվել։
-Զգում եմ, որ Սյունիքի ժողովուրդն ավելի մոտ է Իրանի ժողովրդին իր մշակույթով, սովորույթներով, նաև լեզվական առումով։ Լեզվական շատ ընդհանրություններ կան, նման բառեր կան, օրինակ, տատիկը թոռանն ասում ա՝ ջիգյար ջան, սա մաքուր պարսկական է, ու սա ընդհանրության միայն մեկ օրինակ է։ Այնպես որ, ինձ շատ հարազատ եմ այստեղ զգում։
-Նախորդ տարի, երբ զրուցում էինք, խոստացաք՝ հայերեն սովորել։ Ի՞նչ առաջընթաց կա։
-Ցավոք, հայերենի հարցում էլ առաջընթաց չունեմ, շատ զբաղված ենք եղել, չեմ հասցրել, բայց հուսով եմ՝ շուտով հյուպատոսությունում հայերենի դասեր կսկսենք, այդ դեպքում ես առաջին աշակերտը կլինեմ։
Գորիսն ու իրանական Քաշան քաղաքը քույր քաղաքներ կդառնան. Առուշանյան