ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի– Sputnik. Այս անգամ չստացվեց, մյուս օլիմպիական խաղերին կլինի ոսկե մեդալ։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը։
«Ես պատրաստվել էի, որ օլիմպիական խաղերում հաղթող կճանաչվեմ, բայց ճիշտ չկարողացա դասավորել գոտեմարտս, ճիշտ չգոտեմարտեցի մրցակցիս հետ, ինչն ինձ բերեց պարտության, ու բավարարվեցի բրոնզե մեդալով»,– նշեց Ամոյանը։
Նա հավելեց, որ կսկսի պատրաստվել օլիմպիական մյուս խաղերին, իսկ մինչ այդ կլինի Եվրոպայի առաջնությունը։
«Չեմ ուզում շտապել, առաջ ընկնել. այս անգամ չստացվեց, մյուս օլիմպիական խաղերին կփորձեմ մեդալիս գույնը փոխել ոսկե մեդալով։ Երևի այս պահին սրան էի արժանի։ Չեմ կարող ասել, որ լիովին ուրախ եմ, քանի որ նպատակս այլ էր»,– ասաց ըմբիշը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը Փարիզի օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգում 6։5 հաշվով հաղթեց Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին ու բրոնզե մեդալ նվաճեց։