ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik․ Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերի գերծանր քաշային կարգում փոխչեմպիոն դարձած ծանրորդ Վարազդատ Լալայանն ուրախ է, որ առաջին անգամ մասնակցելով օլիմպիական խաղերին` արծաթե մեդալ է նվաճել։ Նա իր զգացողությունների մասին խոսեց լրագրողների հետ` նշելով, որ պատրաստվելու է օլիմպիական հաջորդ խաղերին։
«Շատ լավ էինք պատրաստված։ Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք ու չենք բավարարվում ունեցածով։ Չգիտեմ` ինչպես բացատրեմ զգացմունքներս։ Ճիշտ է` պահի տակ որոշակի հիասթափություն կար, բայց պետք է միայն առաջ նայել։ Կապ չունի` օլիմպիական, թե աշխարհի խաղեր են, եթե գնում ես ոսկե մեդալ հաղթելու, դա լրիվ այլ զգացողություն է։ Եթե չստացվեց, ուրեմն մի բան պակաս էր, թեև շատ լավ էինք պատրաստվել»,– ասաց նա։
Լալայանը դեռ չի պատկերանում, թե հաջորդ խաղերի ժամանակ որքան կբարելավի իր ցուցանիշները։
«Ինչքան շատ, այդքան լավ»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք` Լալայանը ելույթ ունեցավ երեկ` օգոստոսի 10-ին, և օլիմպիական խաղերի փոխչեմպիոն դարձավ երկամարտի 467 կգ արդյունքով։