Պարզվել է` ինչպես են մեքենաները բախվել Հերացի–Աբովյան խաչմերուկում. ՆԳՆ–ն` վթարի մասին

Բախման հետևանքով շրջված բեռնատարը
Տուժածներից մի քանիսին փրկարարները տեղում են օգնություն ցուցաբերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik․ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը ճշգրտել է Երևանի Հերացի և Աբովյան փողոցների խաչմերուկում վթարից տուժածների թիվը և դեպքի հետ կապված մանրամասներ ներկայացրել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ տվյալ հատվածում այսօր առավոտյան բեռնատար է շրջվել, վթարի հետևանքով բազմաթիվ մարդիկ են տուժել։
ՆԳՆ–ն պարզել է, որ ցորենով բեռնված «Shacman» մակնիշի բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, այնուհետև կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։
«Ճշտված տվյալների համաձայն` 17 տուժած տեղափոխվել են Երևան քաղաքի բժշկական կենտրոններ. մի քանի տուժածի փրկարարները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել բեռնատարը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, 1 արգելափակված տուժածի դուրս բերել ավտոբուսից, 2 տուժածի պատգարակով մոտեցրել մոտակա բժշկական կենտրոն, մյուս տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին: