ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik․ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակների դեպքերի նվազում, սակայն կարմրուկի հետ կապված իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը։
«Տվյալների համաձայն ՝ 2024 թվականի 31-րդ շաբաթում սուր շնչառական վարակներով հիվանդների թիվը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1,1 անգամ։ Նվազումը նկատվում է ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում», - ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքում գրիպի ոչ մի շտամ չի հայտնաբերվել, սակայն շրջանառվում են ռինովիրուս և ադենովիրուս։
Գրիգորյանը լուրջ մտահոգություններ հայտնեց կարմրուկի իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանը 2007 թվականից էլիմինացված երկիր է։
«Սա նշանակում է, որ Հայաստանում կարմրուկի վիրուսի տեղական փոխանցում չէր գրանցվում։ Լինում էին բերովի դեպքեր, որոնք լայն տարածում չէին ստանում։ Սակայն 2023 թվականից ունեցանք բերովի դեպքով պայմանավորած կարմրուկի դեպքեր, որոնք ներկայում համարվում են տեղական փոխանցում»,–հավելեց նա։
Ընդհանուր առմամբ` երկրում գրանցվել է կարմրուկով վարակման 1 088 դեպք, որոնցից 543-ը` ընթացիկ տարում (325 - ը՝ մինչև 18 տարեկան անձինք): Հիվանդացածների մեծ մասը կա՛մ պատվաստված չեն եղել, կա՛մ ստացել են պատվաստման ոչ լրիվ կուրս։
«Վերջին երկու շաբաթվա ընթացքում կարմրուկով վարակման դեպքերի նվազման միտում է նկատվում, սակայն աշնանը չի բացառվում ակտիվացումը»,-ասաց Գրիգորյանը:
Նա նաև հիշեցրեց, որ ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումը խորհուրդ է տրվում մեկ տարեկանից մինչև 4-6 տարեկան երեխաներին, և երկու դեղաչափը բավարար է ցմահ պաշտպանություն ապահովելու համար: Բժիշկը շեշտեց, որ կարմրուկը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների, ներառյալ թոքաբորբի, էնցեֆալիտի, իմունային ամնեզիայի, ինչպես նաև լսողության և տեսողության կորստի:
Ինչ վերաբերում է COVID-19-ին, ապա այստեղ ևս իրավիճակը կայուն է։ Ինչպես աշխարհում այնպես էլ ՀՀ–ում շրջանառվում են «օմիկրոն» շտամի ենթատեսակները։