ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik․ Կապանում Իրանի հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ կա պայմանավորվածություն, որ Գորիսն ու Իրանի Քաշան քաղաքը քույր քաղաքներ դառնան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը «Համագործակցության մետաքսե գորգ» խորագրով հայ–իրանական մշակութային փառատոնի ժամանակ։
«Արդեն կան որոշակի քայլեր, ու կարծում եմ` առաջիկայում մեր համագործակցությունը կստացվի։ Դա կնպաստի, որ երկու ժողովուրդների մեջ շփման եզրերն ավելանան, ինչպես, օրինակ, Ֆրանսիայի Վիեն քաղաքի հետ. մենք ֆիքսել ենք, որ Ֆրանսիայից զբոսաշրջիկների թիվը մեզ մոտ ավելի շատ է։ Նույն կերպ էլ ցանկանում ենք Իրանի հետ կապեր ունենալ»,– ասաց նա։
Առուշանյանի խոսքով` արցախյան վերջին պատերազմից հետո Գորիսը շատ հնարավորություններ է կորցրել, և հիմա ցանկանում են հիմնական շեշտը դնել զբոսաշրջության վրա։ Քաղաքապետի տեղեկություններով` այսօր Գորիսում անցկացվող փառատոնի շնորհիվ տեղի հյուրանոցներում զբաղվածությունը 80–-90 տոկոսի է հասել։
«Այն, որ զբոսաշրջությունը Գորիսի համար տնտեսական լուրջ միավոր է, փաստ է։ Առաջին անգամ է, որ Գորիս քաղաքը նման նախառենությամբ է հանդես գալիս։ Իրանի հյուպատոսի հետ ունենք պայմանավորվածություն, որ նմանատիպ միջոցառումներ Գորիսում ավելի հաճախակի կլինեն, որը երկու ժողովուրդների միջև ավելի ամուր կապ կստեղծի»,– ասաց Առուշանյանը։
Նա միաժամանակ խուսափեց քաղաքական` նշելով, որ քաղաքականությամբ չի զբաղվում։
«Երբ ինչ–որ պահի զբաղվել եմ, ապա իմ պայքարը բացառապես եղել է Արցախի համար։ Եթե շատ անկեղծ ասեմ, քաղաքականությունը ինձ համար այնքան էլ կոմֆորտ գոտի չէ»,– ընդգծեց քաղաքապետը։
Նրա խոսքով` այն, որ Գորիսը ժամ–ժամ շենանում է, դա արդեն իր սիրած աշխատանքն է։