ԵՐԵՎԱՆ, 11 օգոտսոսի – Sputnik. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում լուրջ մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում հակամարտության սրման աճող սպառնալիքի կապակցությամբ: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխները ։
Կանցլերն ընդգծել է, որ Գերմանիան խստորեն դատապարտում է Իրանից, լիբանանյան «Հզբոլլահից» և Իսրայելին սպառնացող այլ ուժերից բխող սպառնալիքները:
«Շոլցը նշել է, որ հատկապես կարևոր է դադարեցնել հաշվեհարդարի գործողությունների շղթան և քայլեր ձեռնարկել տարածաշրջանի լարվածությունը նվազեցնելու համար», - ասել է Բյուխները։
Կանցլերը նաև շեշտել է պատանդներին ազատ արձակելու գործընթացն ավարտելու և հրադադարի հասնելու անհրաժեշտությունը:
«ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում շատ նպատակներ արդեն ձեռք են բերվել, սակայն դա զգալի տառապանքների է հանգեցրել Գազայի հատվածի խաղաղ բնակչության շրջանում։ Ռազմական գործողությունների դադարեցումը կարևոր քայլ կլիներ դեէսկալացիայի ճանապարհին», - ասել է Շոլցը։
Հիշեցնենք` Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվեց Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիայի և Բեյրութում «Հզբոլլահի» հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շուքրի սպանություններից հետո:
Իրանը, ՀԱՄԱՍ-ը և «Հզբոլլահը» նրանց մահվան պատասխանտվությունը դրել են Իսրայելի վրա և խոստացել են պատասխանել այդ գործողություններին։