ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik․ Երևանի Հերացի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բժշկական տարբեր կենտրոններ են հոսպիտալացվել 18 քաղաքացի` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ տվյալ հատվածում այսօր առավոտյան բեռնատար է շրջվել։ Բախվել են մի քանի տոննա ցորենով բարձված «Կամազը», Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը և «Toyota»-ն։
«Տուժածներից 2–ի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8–ինը` միջին ծանրության»,– հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ըստ գերատեսչության` 8 քաղաքացի անցնում են համապատասխան բուժզննում և շուտով դուրս կգրվեն։