ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական կուսակցության չորս անդամներից բաղկացած պատվիրակությունը մեկնել է Թայվան, որտեղ կհանդիպի կղզու իշխանությունների հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կղզու արտաքին գործերի նախարարությանը։
Կին խորհրդարանականներից բաղկացած պատվիրակությունը գլխավորել է Կոնգրեսի անդամ, Վաշինգտոն նահանգի 10-րդ շրջանի ներկայացուցիչ Մերիլին Սթրիքլանդը: Պատվիրակությունը կղզում կմնա մինչև օգոստոսի 15-ը:
Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպումներ կունենա իշխանությունների ներկայացուցիչների, այդ թվում ՝ կղզու վարչակազմի ղեկավար Լայ Ցինդեի և նրա տեղակալ Սյաո Մեյցինի հետ: Նրանք կքննարկեն ԱՄՆ-ի և Թայվանի հարաբերությունները, ինչպես նաև Թայվանի նեղուցի անվտանգությանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք՝ Թայվանի շուրջ իրավիճակը սրվեց, երբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին 2022 թվականի օգոստոսին այցելեց կղզի։ Չինաստանը, որը կղզին համարում է իր նահանգը, դատապարտեց այդ այցը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն աջակցում է թայվանական անջատողականությանը:
Չինաստանի կենտրոնական կառավարության և Թայվանի միջև պաշտոնական հարաբերություններն ընդհատվեցին 1949-ին, երբ Չինաստանի Կոմկուսի հետ քաղաքացիական պատերազմում պարտված Գոմինդանի ուժերը՝ Չիանգ Կայշիի գլխավորությամբ, տեղափոխվեցին Թայվան։ Գործարար և ոչ պաշտոնական շփումները վերսկսվեցին 1980-ականների վերջին: 1990-ականների սկզբից կողմերը սկսեցին կապ հաստատել ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով։